ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ շփվել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:

«Նրան նայելով՝ լավ արտահայտություն ես հիշում. «Երգել չգիտես, մի երգիր»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է Լավրովը:

«Ինչ վերաբերվում է Դեշչիցա անունով կերպարին, ես նրա վարքագծի հետ կապված ամեն ինչ ասել եմ: Ես նրա հետ խոսելու ոչինչ այլեւս չունեմ եւ նրա հետ շփվել չեմ պատրաստվում»,- հավելել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կիեւում ռուսական դեսպանատան առջեւ բողոքի ակցիա էր անցկացվել: Դեպքի վայր այցելած Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան ռուսական իշխանությունների, մասնավորապես Վլադիմիր Պուտինի հասցեին անպարկեշտ արտահայտություն էր թույլ տվել:

Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, Սերգեյ Լավրովը հաղորդել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ին բողոքի նոտա են ուղարկել՝ պահանջելով պատժել «Կիեւում ռուսական դեսպանատան շուրջ կազմակերպված խրախճանքի մեղավորներին» եւ փոխհատուցել պատճառված վնասները: