Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է հրադադարի ռեժիմ սահմանել այն բանից հետո, երբ ամբողջությամբ կփակվի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նստաշրջանի բացման ժամանակ:
ЛІГА-ի փոխանցմամբ, նախագահը նշել է, որ Դոնբասում խաղաղ կարգավորման ծրագիրն առաջարկվելու է արդեն այս շաբաթ եւ ընդգծել, որ ռազմական գործողությունները որոշ ժամանակով դադարեցվելու են:
«Այսօր անպատասխանատվություն կլիներ ներքաշվել երկարատեւ բանակցային գործընթացում: Մեզ բանակցություններ հանուն բանակցությունների հարկավոր չեն: Այսօր մեզ անհրաժեշտ է անցնել մի ռեժիմի, երբ մի կողմից կկարողանանք երաշխավորել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր ապրում են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, կկարողանանք կողոպուտից պաշտպանություն երաշխավորել, կկարողանանք եւ կաջակցենք զինաթափման գործընթացին, ինչին կհետեւի համաներման որոշումը կամ քրեական հետապնդումից պաշտպանությունն այն անձանց, ովքեր ծանր հանցագործություն չեն կատարել, ում ձեռքերին արյուն չկա»,- հայտարարել է նախագահը: Նա ընդգծել է, որ հրադադարի մասին հնարավոր կլինի խոսել միայն Ռուսաստանի հետ սահմանը փակելուց հետո:




























