Իրաքի ռազմաօդային ուժերը հունիսի 16-ին Էլ-Ֆալուջայից հյուսիս ընկած հատվածում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 զինյալի են ոչնչացրել:

Հաղորդվում է, որ օդաչուներն իսլամականների շքերթը ռմբակոծել են քաղաքից 10 կմ հեռավորությամբ՝ Էս-Սակլավիայի շրջանում, որտեղ տեղակայված է նրանց ճամբարը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այնտեղից խմբավորման շարասյուները պատրաստվում էին հարձակվել Բաղդադի ուղղությամբ:

Իրաքի մայրաքաղաքից 57 կմ հեռավորությամբ Եփրատ գետի վրա գտնվող Էլ-Ֆալուջա քաղաքն ահաբեկիչների ձեռքում է:

Նշվում է, որ Իրաքի անվտանգության ուժերը տեղական ցեղախմբերի օժանդակությամբ այսօր ազատագրել են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հետ սահմանակից Էլ-Քաիմ քաղաքի մերձակայքում գտնվող Էլ-Կարաբլայի եւ Ռումաննայի մեծ մասը: Գործողության ընթացքում սպանվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման 7 զինյալ, 17-ը վիրավոր են: Իրաքի բանակը կորցրել է 4 զինվորի, կա 13 վիրավոր:

Դաժան մարտեր են ընթանում նաեւ Թալ-Աֆար քաղաքի շրջակայքում, որը տեղակայված է Մոսուլից 70 կմ դեպի արեւմուտք եւ բնակեցված է հիմնականում թուրքմեններով: