ՀԱՊԿ-ը մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը եւ շարունակելու է զարգացնել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը: Այս մասին ՌԴ Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Росбалт-ի փոխանցմամբ, մեկնաբանելով օրերս կայացած ՀԱՊԿ ղեկավար մարմինների նիստերը՝ Բորդյուժան նշել է, որ առաջնահերթություն է սահմանվել նաեւ ՇՀԿ-ի եւ Չինաստանի հետ երկկողմ ձեւաչափով համագործակցության ամրապնդումը:
«Անհրաժեշտ է համարվել ՀԱՊԿ-ի քաղաքական փոխգործակցության ընդլայնումը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի միջազգային կազմակերպությունների հետ: Առանձին ջանքեր են ներդրվելու Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որի ազդեցությունը տարածաշրջանում անվիճելի է, հատկապես հաշվի առնելով Աֆղանստանի գործոնը»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ աշխարհն այսօր հայտնվել է բացահայտ առճակատման եզրին:
«Մի շարք երկրներ արդեն չեն քողարկում իրենց գործողությունները, կոպտորեն խառնվում են պետությունների ներքին գործերին, փորձում են շահարկել հասարակական կարծիքը, տնտեսապես եւ ֆինանսապես ներգործել նրանց իշխանական համակարգերի եւ բնակչության վրա»,- հայտարարել է Բորդյուժան:





























