ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ ոստիկանությունը 2014թ. հունիսի 9-20-ը համատեղ կազմակերպեցին երկու մասնագիտական դասընթացներ, որոնց նպատակն է բարձրացնել ոստիկանության եւ այլ համապատասխան կառույցների՝ կիբերհանցագործությունների հետաքննության եւ նրանց դեմ պայքարի կարողությունները:
ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության եւ անվտանգության ոլորտի այլ մարմինների տարբեր վարչություններից շուրջ քսանհինգ ներկայացուցիչներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին, որը վարում էր ԵԱՀԿ կողմից հրավիրված փորձագետ Սանջայ Գոելը՝ Միացյալ Նահանգներից:
«Կիբերանվտանգությունը կարեւոր տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում՝ մասնակից պետությունների պարտավորություններին եւ հանձնառություններին համապատասխան», ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն: «Իր մանդատի շրջանակներում՝ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի աջակցել պետական համապատասխան կառույցներին՝ ամրապնդելու իրենց մասնագիտական փորձն ու կարողությունները տեղեկատվական անվտանգության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի գործունեությունում»:
Դասընթացը ընդգրկում է թե՛ տեղեկատվական անվտանգության հիմունքները եւ թե՛ կիբեր-հարձակումների քննության ու արձագանքման առաջատար սկզբունքները: Մասնակիցները ձեռք կբերեն տեխնիկական հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ անվտանգություն ապահովելու համար, ինչպես նաեւ վերլուծելու կիբեր-միջադեպերն ու արձագանքելու սպառնալիքներին:
Դասընթացի մասնակից Ա.Ղալաչյանը հավելեց. «Զգալի տեսական եւ գործնական գիտելիքներից բացի դասընթացը կարեւորվում է նրանով, որ այն միավորում է տարբեր շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցներին, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու տեղեկատվության անվտանգության բնագավառում տարբեր գերատեսչությունների պատրաստվածության աստիճանը, ինչպես նաեւ հասկանալու այն, թե ինչ սահմաններում կարող ենք համագործակցել միմյանց հետ:»
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ 2008թ.-ից ի վեր՝ հետամուտ ոստիկանության ծառայությունում նոր մոտեցումների խթանմանը, ոստիկանության կրթական համակարգի բարելավմանը եւ ոստիկանություն - հասարակություն համագործակցության ամրապնդմանը:





























