Չինական դիահերձարաններից մեկում սառնարանում ողջ մարդ են հայտնաբերել: Դիարանի աշխատակցուհին նկատել է սառնարանի բաց դուռը եւ մտածել, որ գործընկերները մոռացել են փակել այն: Սակայն ինչ-որ բան նրան ստիպել է ներս նայել, եւ նա սարսափել է՝ հասկանալով, որ սառնարանում գտնվող կինը ողջ է:
Նշվում է, որ այդ սառնարաններում պահվում են ինքնությունը չբացահայտված մարդկանց մարմինները կամ նրանց մարմինները, որոնց պետք է միայն թաղել: Ցզյադին շրջանում տեղի ունեցած միջադեպն անմիջապես հայտնվել է տեղական հեռուստաալիքի եթերում: Այնուհետեւ «հանգուցյալը» պատմել է, թե ինչպես եւ ինչու է հայտնվել սառնարանում:
Պարզվել է, որ 70-ամյա կինը ցանկացել է ինքնասպանություն գործել: Նրան հաջողվել է աննկատ կերպով դիահերձարան սողոսկել, մտնել սառնարան եւ ծածկվել: Սակայն նրա ծրագիրը խափանվել է. տարեց կինը հաշվի չի առել, որ սառնարանն անջատված է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ չինուհին դեպրեսիայով է տառապել եւ արդեն մի քանի անգամ փորձել է կյանքի հետ փակել հաշիվները: Այս մասին հաղորդում է «Россия 24»-ը՝ հղում կատարելով Shanghai Daily-ին:





























