Ամրոցով իտալական հին գյուղը զբոսաշրջային համալիր է դարձել: Ֆլորենցիայի մարզի Մոնտայոնե շրջանի Կաստելֆալֆի գյուղը վերջին տասնամյակների ընթացքում լքված էր եւ քանդվում էր, սակայն գերմանական տուրիստական ընկերությունը հետաքրքրվել է դրանով:

2007 թվականին գերմանացիները համալիրի զարգացման համար 180 մլն եվրո ներդրում են կատարել: Հիմա հին ամրոցն ու դղյակը զբոսաշրջային օբյեկտներ են դարձել: Բացի այդ, համալիրում հայտնվել են հյուրանոց, գոլֆի դաշտ եւ չորս լողավազան:

Euromag-ի փոխանցմամբ, հին գյուղի բոլոր շենքերին եւ շինություններին նոր կյանք են տվել: Այսպես, հունիսի 7-ին ամրոցում Բերգամոյից երիտասարդ շեֆ-խոհարար Միքելե Ռինալդիի ղեկավարությամբ այստեղ նրբաճաշակ ռեստորան է բացվել:

Կաստելֆալֆի գյուղի մասին առաջին հիշատակումները կատարվել են VIII դարում: Իսկ XX դարում տեղանքը հռչակ է ձեռք բերել, քանի որ այնտեղ ֆիլմի նկարահանումներ է կատարել Ռոբերտո Բենինին: