ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի չդատեն որդուն կրակած Վոլոդյա Բաբիկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինվորի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

«Անահիտը՝ Դերենիկի մայրը, պատրաստվում է նամակով դիմել նախարարությանը, որ Վոլոդյային չդատեն, որովհետեւ էդ երեխան պատահական է կրակել, միտումնավոր ոչինչ չի արել, իսկ Դերենիկն ու Վոլոդյան շատ մտերիմ ընկերներ են: Դեպքի պահին դիրքերում է եղել նաեւ նրանց երրորդ ընկերը՝ Նարեկը, որը մեզ պատմել է, որ ամեն ինչ պատահական է եղել, իրենք երեք ընկերներով ոչ մի խնդիր չեն ունեցել»,- ասաց նա:

Տիկին Սուսաննայի պատմելով՝ կալանավորված Վոլոդյա Բաբիկյանն էլ այժմ ահավոր ծանր վիճակում է, դեպրեսիայի մեջ է, իսկ մայրն էլ քաղցկեղով հիվանդ է. «Վոլոդյայի մայրն էլ էր թաղմանը եկել, բայց վերեւ չբարձրացավ: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, ուրիշ ոչ մի բան»:

Անդրադառնալով Դերենիկի մոր առողջական վիճակին՝ հարեւանուհին հայտնեց, որ վերջինս նույնիսկ հուղարկավորությանը չի մասնակցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«Դերենիկին հենց բակ իջեցրին, Անահիտը վատացավ ու նորից հիվանդանոց տարան: Սպասում ենք, որ մի քիչ լավանա, որպեսզի գերեզմանոց տանենք»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվել էր Դերենիկի ամենամոտ ընկերը՝ Վոլոդյա Բաբիկյանը: Նրան հունիսի 14-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով եւ կալանավորվել էր: