Ամերիկյան ընկերության կողմից Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մասնավորեցման պայմանագրի ձգձգման պատճառը քաղաքականությունը չէ, հունիսի 17-ին լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ներդրողի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն կան նաեւ լուծում պահանջող մի շարք իրավական հարցեր: «Դրանք բավական շատ են, միանգամից հնարավոր չէ թվարկել: Սակայն մենք աշխատում ենք դրանց վրա», - հավելել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե մասնավորեցման օբյեկտը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, եթե չեն կարող մասնավորեցնել կասկադի ջրամբարը (ըստ «Ազգային ջրային ծրագրի մասին» օրենքի), ապա արդյոք մասնավորեցման կարիք ունեն դրա պատերը եւ հիդրոտեխնիկական կառույցները:
Որոտանի ՀԷԿ-ը բաղկացած է 3 էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի (76 մգվտ հզորություն), Շամբի (171 մգվտ) եւ Տաթեւի (157.2 մգվտ): «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է ՀՀ կառավարությունը: Նոյեմբերի 27-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր Որոտանի կասկադը ամերիկյան Contour Global ընկերությանը 180 միլիոն դոլարով վաճառելու գործարքը:





























