Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Վոլոդյայի Ասրյանին եւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Համլետի Մանուկյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Վոլոդյայի Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով, 360 հոդ. 2-րդ մասով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաև իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ն.Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնելու համար: Նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Համլետի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու համար:
Առաջադրված մեղադրանքներում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Գ.Ասրյանի և Է.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչ վերաբերում է Ն.Կարապետյանի մահվան փաստին, ապա դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա:
Նշենք, որ Ներսեսի հարազատները համոզված են, որ Ներսեսին սպանել են բենզինի պատճառով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):





























