1937 թվականին ամերիկյան Քեմբրիջում գիտնական Էդվին Լենդը հիմնում է Polaroid Corporation ընկերությունը, որը սկսում է օպտիկական տեխնիկա արտադրել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենդի հայտնագործությունները մեծ պահանջարկ ունեին: Ընկերությունը ռազմական օպտիկա էր պատրաստում. գիշերային տեսողության սարքավորումներ, հեռադիտակներ եւ այլն:

1963 թվականին Polaroid-ը թողարկում է «ակնթարթային» ֆոտոխցիկ՝ գունավոր նկարահանումների համար: Իսկ 1970 թվականի հունիսի 17-ին Էդվին Լենդն արտոնագրում է ամբողջությամբ ավտոմատացված Polaroid SX 70 առաջին գրպանի ֆոտոխցիկը:

Ըստ Calend-ի, երկու տարի անց այն հանվում է վաճառքի: Շուկայում ֆոտոխցիկի առաջխաղացմանը նախորդում է հոլիվուդյան կինոաստղերի մասնակցությամբ հզոր գովազդային արշավը:

Խցիկների վաճառքի մեծ ծավալների արդյունքում Polaroid ընկերության ակցիաների գինը բարձրանում է 90 անգամ, իսկ Polaroid-ն ընդգրկվում է ամերիկյան 50 ամենահաջողակ ընկերությունների ցանկում: