Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության եւ Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։
«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) եւ «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում «Չինաստանի տիեզերական գիտության եւ տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության եւ տիեզերքի հետազոտման ոլորտի համար:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի եւ հեռուստահեռարձակման արբանյակ, եւ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:
«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, եւ այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, եւ կսպասենք ձեր արձագանքին»,-ասաց նախարարը:
«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման եւ սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։




























