ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ակսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ այսօր՝ հունիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը խոսել են 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասին:

Հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է. «Ես արձանագրեցի, որ իրենք այդ թեման լրջորեն քննարկում են, և մենք որևէ առիթ բաց չենք թողել այս հարցը բարձրացնել, ասացի, որ ցուցարարների նկատմամբ մահացու զենք բարձրացնելն ամենավտանգավոր երևույթն է և համեմատություն ենք անցկացրել Ուկրաինայի դեպքերի հետ: Ասացինք, որ եթե դուք ժամանակին «Մարտի 1-ի» դեպքերին ճիշտ արձագանք տայիք, և ստիպեիք ՀՀ իշխանություններին գտնել մեղավորներին, գուցե Յանուկովիչը չկարողանար նույնքան անպատիժ ձևով դա իրականացնել և այսքան զոհ չլիներ»:

Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը խոսել է նաեւ ընտրական գործընթացներից, կարեւորել ընտրացուցակների ճշգրտությունը, հեռուստաընկերությունների անկախությունը: Նա նաեւ անդրադարձել է իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նշելով, որ խմբակցությունն այս պահին այդ բարեփոխումների կարիքը չի տեսնում: