Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պաշտոնապես պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը մեզ փոխանցեց նամակը, որում մասնավորապես ասվում է. «Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր տարբեր ինստիտուտների եւ վերահսկողական  մեխանիզմների միջոցով մեծ ուշադրություն է դարձնում անդամ պետություններում տիրող իրադրությանը, հատկապես այն պարտավորությունների իրականացմանը, որոնք իշխանությունները ստանձնում են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու փաստի ուժով: Կցանկանայի  նշել, որ Ադրբեջանի իշխանությունների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչները, այդ թվում նաեւ ես,  մշտապես բարձրացրել եւ  բարձրացնում ենք  ազատությունից զրկված անձանց հարցը, քանի որ գտնում ենք, որ այդ հարցերը իրավացիորեն արժանի են  մեծ ուշադրության»:

Նշենք, որ մինչ Ադրբեջան այցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր Թյորբորն Յագլանդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել  հայ գերիների եւ մասնավորապես հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։