Հունիսի 13-ին՝ ուրբաթ օրը, ՌԴ Իրկուտսկի մարզի Բոդայբինսկի շրջանում ոսկու բնակտոր է գտնվել՝ 6664 գրամ զանգվածով, հայտնում է «Բայկալ-24»-ը:
Գտածոն հայտնաբերել է բանվորներից մեկը: Այն անվանել են «Սատանայի ականջ», քանի որ ձեւով իսկապես անհայտ արարածի ականջ է հիշեցնում: Բնակտորի քաշը Բոդայբինսկի համար ռեկորդային է. մինչ այդ առավելագույնը 1,5 կգ-անոց կտորներ էին գտել:
Նշենք, ոսկու ամենածանր՝ 235 կգ-անոց բնակտորը հայտնաբերվել էր 1872թ. Ավստրալիայում: Այն կոչվել էր «Հոլթերմանի սալիկ»: Մեծությամբ երկրորդը՝ «Ցանկալի անծանոթը», եւս Ավստրալիայում էր գտնվել եւ ուներ 70,9 կգ զանգված:
Երկու բնակտորն էլ չեն պահպանվել, քանի որ վերաձուլվել են: Սակայն մինչ այժմ գոյություն ունի 1842թ. հոկտեմբերի 8-ին Հարավային Ուրալում գտնված բնակտորը: Այն կոչվում է «Մեծ եռանկյունի» եւ 36 կգ է կշռում:





























