Նյու Յորքի ռեստորաններից մեկում 100 աղքատ ամերիկացու ճաշի է հրավիրել իր էքսցենտրիկ արարքներով հայտնի չինացի միլիարդատեր Չեն Գուանբյաոն: Բացի համեղ ուտեստներից, ճաշին ներկա յուրաքանչյուր հյուրի նվեր է մատուցվելու. ծրար՝ 300 դոլարով:

Համապատասխան «հրավերը» միլիարդատերը գովազդի տեսքով տեղադրել է New York Times եւ Wall Street Journal թերթերում:

«Այդ կերպ ես ցանկանում եմ ցույց տալ, որ Չինաստանում եւս կան արժանի բարերարներ, որ այստեղ բոլորը միայն շքեղ իրեր գնելով տարված չեն»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ իր քայլը մեկնաբանել է միլիարդատերը:

Նրա խոսքով, հրավերին արդեն 250 մարդ է արձագանքել: Ի դեպ, կասկած չկա, որ ազատ տեղ չի լինելու: Բարեգործական ճաշը կայանալու է հունիսի 25-ին, «Բոաթ հաուս» ռեստորանում, որը տեղակայված է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում: Երեկոյի կազմակերպիչն իր հյուրերի համար երգելու է Մայքլ Ջեքսոնի գրած «We Are the World» հիթը: