«Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության ղեկավարությունը Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունն է առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնում: Նման որոշում ընդունել է Աբխազիայի ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Բացի այդ ՀԽ-ն առաջարկել է Վիտալի Գաբանիայի թեկնածությունը Աբխազիայի փոխնախագահի պաշտոնում, որը գլխավորում է վրաց-աբխազական 1992-1993թթ. պատերազմի վետերանների «Արուաա» շարժումը:

Համակարգող խորհուրդը Սուխումում տեղի ունեցած նիստի ժամանակ կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին առաջարկել է քննարկել որոշումը քաղխորհուրդներում եւ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

«Աբխազիայի համաքաղաքացիական միություն հանուն օրինականության, կայունության եւ ժողովրդավարության» հասարակական միավորման ղեկավար Լեոնիդ Ձապշբան որոշում է ընդունել առաջադրել իր թեկնածությունն Աբխազիայի նախագահի ընտրություններում որպես ընդդիմության եւս մեկ թեկնածու, հաղորդում է «Ռոսբալտը»: 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց վարչապետ Լեոնիդ Լակերբայային, նախագահ Ալեքսանդր Անկվաբին էլ առաջարկեց ինքնակամ լքել պաշտոնը:

Մայիսի 31-ին Աբխազիայի Ազգային ժողովը քվեարկեց օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օգտին: