Վերջին վեց ամիսների ընթացքում G20-ի տնտեսություններն առեւտրի ոլորտում ավելի շատ սահմափակող միջոցներ են ձեռնարկել, քան խթանող, չնայած համաշխարհային տնտեսությունը, թեեւ ոչ կայուն, բայց վերականգնվում է: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցին:

2008 թվականից սկսած, երբ աշխարհում սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երկրները փորձում էին խուսափել հովանավորչության այն տեսակից, որը գոյություն ուներ 1930-ականների Մեծ դեպրեսիայի տարիներին: Շատ տնտեսագետներ խելամիտ էին համարում պետությունների՝ առեւտրային սահմանափակումներ չստեղծելու ձգտումները, որոնք կարող էին բարդացնել զարգացող ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները:

Ճգնաժամից հետո G20-ի երկրների կողմից կիրառվող աահմանափակող միջոցներին ուշադրությամբ հետեւող կազմակերպության զեկույցում նշվում է, որ «սողացող հովանավորչության» քաղաքականություն են վարում համաշխարհային խոշորագույն տնտեսությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Եվրամիությունը։ ԱՀԿ-ն 2013 թվականի նոյեմբերից մինչեւ 2014թ մայիսն ընկած ժամանակահատվածում 112 նոր սահմանափակող միջոցներ է հաշվել։

РИА Новости-ի փոխանցմամբ, կազմակերպությունը զգուշացրել է, որ նման քաղաքականությունը հանգեցնում է համաշխարհային տնտեսության՝ առանց այն էլ անհավասար աճի եւ գործազրկության բարձր մակարդակի: