ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը չի տուգանելու Զվարթնոցի տաճարի տարածքում «փարթի» կազմակերպած «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
«Ինչի՞ պիտի տուգանենք, մենք նման բան չենք կարող անել, քանի որ պայմանագրում նման կետ չկա: Իհարկե, ընկերության հետ ես եմ պայմանագիր կնքել, սակայն մենք նրանց տուգանելու իրավունք ունենք, եթե հուշարձանը վնասեն: Այս դեպքում էլ ընկերությունը պարտավորվում է կամ հուշարձանը վերականգնել, կամ փոխհատուցել վնասը»,- ասաց նա:
Նախարարության աշխատակիցը համոզված է, որ Զվարթնոցում հունիսի 14-ին տեղի ունեցածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ «կիսավարտիքներով լիքը մարդիկ են ամեն օր գալիս տաճար»:
Հարցին՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է վերանայել պայմանագրի կետերը եւ նմանատիպ ամոթալի երեւույթները բացառել՝ Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Եթե միջոցառումն ուղղված է հուշարձանի հանրահռչակման եւ գովազդման, ապա ամեն ինչ էլ թույլատրելի է: Իսկ ընդհանրապես մենք այսուհետ բացառելու ենք նմանատիպ միջոցառումները, եթե իրենք չեն կարողանում կարգ ու կանոնը պահել: Նման միջոցառում անցկացնելը վատ բան չի, սակայն եթե չեն կարողանում նորմերը պահել, ուրեմն կարգելենք»:
Թե ինչ նորմերի կամ կարգ ու կանոնի խախտումների մասին է խոսքը, ՊՈԱԿ-ի ղեկավարը հրաժարվեց պատասխանել՝ կոպիտ նշելով, թե ինքը հյուրեր ունի եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ այս պահին էլ Գառնիի տարածքում միջոցառում կազմակերպում է կենտրոնական բանկը: Ամբողջ տարածքում տեղադրվել են սեղաններ եւ աթոռներ: Տպավորություն է, որ շուտով այնտեղ խնջույք է լինելու: Գառնիի առավոտից փակ է այցելուների համար:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «փարթի» էին կազմակերպել Զվարթնոցի տարածքում: Համացանցում հայտնվել էին ամոթալի խնջույքի կադրեր, որտեղ մարդիկ կիսամերկ էին:






























