Բոսնիայի ոստիկանությունը երկրի պատմության ընթացքում կոռուպցիայի ամենախոշոր գործի հետաքննության շրջանակում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է 54 անձի: Այս մասին հաղորդել է Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Բորիս Գրուբեշիչը:
«Կոռուպցիայի վերաբերյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր գործի հետաքննության շրջանակում ձերբակալել են 54 հոգու, այդ թվում՝ մաքսային եւ հարկային ծառայությունների 30 աշխատակցի, ինչպես նաեւ այդ գերատեսչության նախկին ղեկավարին»,- նշվում է երկրի դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Քեմալ Քոշեւիչի մասին է, ով գլխավորում էր երկրի հարկային ծառայությունը 2003-2011թթ. ընթացքում: Նա ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ մամուլում սկանդալ տարածվեց նրա կողմից մի քանի բնակարանների գնման, պաշտոնի չարաշահման մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հարցաքննությունից հետո քննիչները ծրագրում են լուծել ձերբակալվածների կալանավորման, նրանց ունեցվածքի բռնագրավման հարցը:





























