Իրաքի իշխանությունների դեմ պատերազմող սուննի ծայրահեղականներն ահաբեկչական հարձակումներ են ծրագրում Մեծ Բրիտանիայի դեմ: Նման հայտարարությամբ Միացյալ թագավորության խորհրդարանում հանդես է եկել այդ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ Իրաքում իրավիճակի ապակայունացումը մեզ հետ որեւէ առնչություն չունի, եւ եթե զինյալները ցանկանում են հասնել Իրաքում իսլամական ռեժիմի հաստատմանը, ապա մեզ վրա այդ չի ազդի: Ընդհակառակը»,- ընդգծել է բրիտանական կառավարության ղեկավարը:
«Զինյալները, բացի տարածքներ գրավելու փորձերից, նաեւ ծրագրում են մեզ վրա հարձակվել այստեղ՝ Մեծ Բրիտանիայում»,- ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ասել է Քեմերոնը: Նրա խոսքով, «սխալ կլիներ կարծել, որ այս խնդիրներին միակ պատասխանը կոշտ հարձակման ճանապարհով ուղղակի միջամտությունն է»:
Քեմերոնն իր ելույթում նաեւ նշել է, որ «Իրաքի եւ Լեւանքի իսլամական պետություն» խմբավորման շարքերում շուրջ 400 բրիտանահպատակներ կան:
«Նրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար, քանի որ վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ կարող են ահաբեկչական գործունեություն ծավալել»,- հայտարարել է նա: Դեւիդ Քեմերոնը վստահեցրել է, որ բրիտանական հատուկ ծառայությունները սահմանների մշտադիտարկում են անցկացնում եւ անձնագրից կզրկեն Իրաքից եւ Սիրիայից թագավորություն վերադարձող բոլոր զինյալներին:





























