ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 18-ին, ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության  եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ  հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ է համարել գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝  մարզային  ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն,  գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում եւ այլն:

Կողմերն առանձնահատուկ անդրադարձլ են խմելու եւ ոռոգման ջրի  համակարգերում իրականացվող եւ նախատեսվելիք ծրագրերին: Երկուստեք դրական է գնահատվել  KfW  բանկի աջակցությամբ  խմելու ջրի  համակարգի վերականգնմանն ու բարելավմանն  ուղղված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը», որի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Վանաձորում եւ  շրջակա համայնքներում:

Քննարկվել են նաեւ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրին առնչվող  հարցեր: Կողմերը վերահաստատել են ծրագիրը կյանքի կոչելու իրենց  պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ջրամբարի շինարարության  ֆինանսավորման, ինչպես նաեւ  Արարատյան  դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների  արդյունավետ կառավարման  ծրագրի  աջակցության հարցերը կընդգրկվեն առաջիկայում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների օրակարգում: