ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է  Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝  քննարկվել է փորձի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Քննարկվել են նաև երկու նախարարությունների փորձագետների փոխայցելությունների հնարավորություններին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցելու  է  նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին: