ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունիսի 18-ին, հանդիպել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին:

Ինչպես հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Արթուր Օսիկյանն անդրադարձել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի եւ մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձեւավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչպես է ոստիկանությունը համագործակցում քաղաքացիական հասարակության հետ: Բացի դրանից ԵԽԽՎ համազեկցուցողները հետաքրքրվել են, թե ինչպես է լուծվում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության եւ նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: