Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ հունիսի 18-ին, հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմինը Երևանի ավագանին է, որն ընտրվում է երևանցիների կողմից, կառավարման մեր քաղաքականությունն էլ, ըստ այդմ, հենվում է բնակիչների հետ սերտորեն համագործակցելու և բարձրացվող խնդիրներին հետզհետե լուծում տալու վրա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ նաև իրականացվում են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, որոնք կապահովեն մայրաքաղաքի համաչափ զարգացումը:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետը առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ:

«Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն Պետցոլդ, ակնկալում եմ, որ նաև Ձեր և պարոն դեսպանի գործուն աջակցությամբ գործընկերային կապեր կհաստատենք Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան:

«Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա այստեղ, արդեն իսկ խոսուն վկայությունն են այն բանի, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կողմից կանեմ հնարավորը գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,-նշել է Մարտին Պետցոլդը: