ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ երկօրյա այցով Փարիզում գտնվող ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը հունիսի 17-ին Ֆրանսիայի Սենատում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ֆրանսիացի սենատորի հետ զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և ԼՂՀ վերաբերյալ Ֆրանսիայում հնարավորինս լիարժեք տեղեկատվության տարածման հնարավորությունները: Կարեւորվել են փոխադարձ այցերի օգտակարությունը եւ այս համատեքստում՝ կոնկրետ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված նախաձեռնությունները:

Նույն օրը կեսօրին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից Ֆրանսիայի Ազգային Ժողովում տրվել է ճաշ՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակության:

Երեկոյան Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիա- Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հանդիպումը ԼՂՀ պատվիրակության հետ: Հանդիպմանը և դրան հետևած ընդունելությանը ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:

Քննարկումների ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն իր ելույթում, ինչպես նաև պատվիրակության անդամներն ու ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են Ֆրանսիա-Արցախ բարեկության շրջանակի կողմից առաջարկվող ծրագրերի հիմքում իրատեսական ու գործնական գաղափարների ներգրավման և այդ հիմքով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին և, այդ կտրվածքով, միջազգային կազմակերպություններում Արցախի մասին անկողմնակալ տեղեկատվության տարածման հարցերին:

Հունիսի 18-ին ԼՂՀ պատվիրակությունն ավարտում է այցի ծրագիրը։