Լիխտենշտեյնը սառեցրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի ֆինանսական հաշիվները: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Նա նշել է, որ ցուցակում Վիկտոր Յանուկովիչից, նրա որդի Ալեքսանդրից բացի ընդգրկված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց դեմ Ուկրաինայում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործեր են հարուցված: Մախնիցկիի խոսքով՝ ընդհանուր գումարը կազմում է 1,3 մլրդ դոլար:
Պատասխանելով ընդհանուր կորուստների մասին հարցին, որոնք Ուկրաինային հասցրել է Վիկտոր Յանուկովիչը եւ նրա շրջապատը, գլխավոր դատախազության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Բագանեցը հայտնել է, որ վնասները հասնում են «պետության ստվերային բյուջեի» չափերին:
Հունիսին Ուկրաինայի պետական ֆինանսական մոնիթորինգը 42 օֆշորային ընկերություն հայտնաբերեց, որոնք կապված էին Յանուկովիչի եւ նրա մերձավոր շրջապատի հետ: Այդ կազմակերպություններից 19-ի հաշվին գտնվող մոտ 1,34 մլրդ դոլարը բռնագանձվել էր:
Այս տարի մարտի վեցին Յանուկովիչի հաշիվները սառեցրեց նաեւ ԵՄ-ն:





























