Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հունիսի 18-ին գահից հրաժարվելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Փաստաթղթի տեսքտում ասվում է. «Նորին Մեծություն Խուան Կառլոս դե Բուրբոն թագավորը հրաժարվում է Իսպանական Թագից: Հրաժարումը գործում է տվյալ սահմանադրական սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից»: Փաստաթուղթը ստորագրել է նաեւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Reuters-ի փոխանցմամբ, Խուան Կառլոսի որդին՝ Ֆելիպեն, հունիսի 19-ին խորհրդարանի առջեւ իսպանական ժողովրդին հավատարմության երդում է տալու: Բազմաթիվ իսպանացիներ նոր թագավոր Ֆելիպե 6-րդի հետ մեծ հույսեր են կապում՝ մի շարք սուր քաղաքական խնդիրների լուծման առումով, մասնավորապես, Իսպանիայի հյուսիս-արեւելքում հարուստ Կատալոնիայի անկախության շարժման հետ կապված, չնայած թագավորի, որպես պետության ղեկավար դերը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Խուան Կառլոսը հայտարարեց իսպանական գահից հրաժարվելու եւ իշխանությունն իր որդի Ֆելիպեին փոխանցելու մասին: Հաջորդ օրը կառավարությունն իշխանության փոխանցումը թույլատրող օրենք մշակեց: Հունիսի 11-ին խորհրդարանի Ստորին պալատը ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեց օրենքը, իսկ հունիսի 17-ին փաստաթուղթը հաստատեց նաեւ Սենատը:





























