Հարավային Օսիան առաջինն է ճանաչել ինքնահռչակ «Լուգանսկի Հանրապետության» անկախությունը: Հունիսի 18-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ստորագրել է համապատասխան հրամանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչեւ այդ հանրապետության խորհրդարանի պատգամավորները հատուկ նիստում միաձայն դիմել են Տիբիլովին՝ խնդրանքով ճանաչել «ԼԺՀ» անկախությունն Ուկրաինայից:

Տիբիլովի հրամանում ընդգծվում է, որ որոշումն ընդունել է՝ «հաշվի առնելով ժողովրդի կամքն ու Գերագույն խորհրդի դիմումը»: Հանրապետության ԱԳՆ-ն արդեն հրահանգ է ստացել բանակցություններ սկսել Լուգանսկի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

Հիշեցնենք, որ Լուգանսկում հանրաքվեն տեղի է ունեցել մայիսի 11-ին, մայիսի 12-ին այսպես կոչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության իշխանությունները ցանկություն հայտնեցին ընդգրկվել Ռուսաստանի կազմում: