Թուրքիան եւ Իրաքյան Քրդստանը համերաշխորեն կիսում են Իրաքը: Հունիսի 19-ի մամուլի ասուլսին նման կարծիք հայտնեց քաղաքահետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունները: Փորձագետի խոսքով՝ նման եզրահանգման կարելի է գալ՝ հիմնվելով Իրաքյան Քուրդիստանի եւ պաշտոնական Անկարայի միջեւ լուռ համագործակցության վրա: Մասնավորապես, Թուրքիայի կողմից հովանավորվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» զինյալների կողմից Մոսուլ եւ Քիրքուք քաղաքները զավթելուց հետո քուրդ զինված կազմավորումները Քիրքուրքը իրենց վերահսկողության տակ վերադարձրին: Սակայն, Համբարյանը պնդում է, որ քրդերի եւ ահաբեկիչների միջեւ ռազմական գործողություններ որպես այդպիսիք, չեն եղել, ինչից հետեւում է, որ խմբավորումը որոշակի պայմանավորվածությամբ քաղաքը նվիրել է քուրդերին:

Ինչ վերաբերում է Անկարային, ապա ամեն կերպ հերքում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման հետ ունեցած կապերը, այսինքն այն փաստերը, որոնք վկայում են, որ հենց թուրքական իշխանությունների հովանավորչության ու աջակցության շնորհիվ են այդ խմբավորումները հարձակվել իրաքյան քաղաքների վրա:

 «Իսկ թուրք դիվանագետների առեւանգումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Անկարայի կողմից լավ խաղացած ներկայացում, ինչի օգնությամբ Թուրքիան ցանկանում է ամրապնդել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու իրավունքը», - ընդգծեց փորձագետը: