Մոսկվան երբեք Ուկրաինային թույլ չի տա մտնլ ՆԱՏՕ, հունիսի 19-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վերլուծելով Ուկրաինայի դեպքերը: Ըստ փորձագետի՝ Կրեմլում լավ են հասկանում, որ վերջնականապես կորցնելով Ուկրաինան՝ Ռուսաստանը կարող է զրկվել նաեւ պետականությունից: «Տվյալ դեպքում սա չպետք է ուղղակի իմաստով հասկանալ», - նշել է Համբարյանը, պարզաբանելով, որ պետականություն ասելով՝ նկատի ունի Ռուսաստանի հզորությունը եւ ազդեցությունը համաշխարհային քաղաքական ասպարեզում:
Քաղաքագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Մոսկվան ուժեղացավ այն ժամանակ, երբ միավորվեցին արեւելասլավոնական տարածքները, այսինքն՝ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը: «Եվ այժմ խնդիրն այն չէ, որ Կիեւը անկախ արտաքին քաղաքականություն վարելու հավակնություններ ունի, այլ այն, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանի համար թշնամական ճամբար անցնել», - նշել է փորձագետը:
Ըստ նրա՝ Ղրիմն առաջին նախազգուշացումն էր Ուկրաինային: Կրեմլը պարզ հասկացրել է, որ Կիեւի իշխանությունները պետք է ավելի զգույշ արտաքին քաղաքականություն վարեն: Եվ, ըստ Ամբարյանի, եթե Ուկրաինան եզրակացություններ չանի, ապա չի բացառվում, որ Մոսկվան նրանից անջատի նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը:




























