Արքայազն Ֆելիպեն դարձել է Իսպանիայի նոր թագավոր: Մադրիդի Կոնգրեսի շենքում Ֆելիպե VI-ը սահմանադրության վրա երդվել է ազնվորեն կատարել իր պարտավորությունները, հետեւել օրենքներին եւ հարգել ենթակաների ու ինքնավարությունների իրավունքները, հաղորդում է Lenta.Ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությանը:

Շատ իսպանացիներ ակնկալում են, որ նոր միապետը երկիրը դուրս կհանի ճգնաժամից: Սակայն շատերը գտնում են որ միապետական ինստւտուտը հնացել է եւ շատ թանկ է նստում գանձարանի վրա:

Իսպանացիների կարծիքով, նոր միապետին հանրահռչակություն է հաղորդում նրա կինը: Լետիցիա Օրտիսը ոչ արիստոկրատական ծագման առաջին իսպանացի թագուհին է: Նախկին հեռուստահաղորդավարուհու ընտանիքը պատկանում է միջին խավին: Լետիցիա թագուհին թագավորական ընտանիքի միակ անդամն է, ով սովորել է սովորական պետական դպրոցում, աշխատանքի գնացել մետրոյով եւ հիփոթեք վերցրել Մադրիդի խուլ շրջանում համեստ բնակարան գնելու համար:

Նոր թագավորի հայրը՝ 76-ամյա Խուան Կարլոսը, ով 39 տարի թագավորել է Իսպանիայի գահը, ստորին պալատի հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: Տղայի օգտին գահը զիջելու մասին նա հայտարարել էր հունիսի 2-ին: