Կորեայի  Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինը, հանդես գալով խորհրդարանում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ իր տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգեր տեղակայել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խորհրդարանական քննարկումների առիթը եղել է Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը՝ միջին հեռավորության  THAAD (Terminal High-Altitude Area Defense) հրթիռները որսալու համար:

« THAAD համակարգերի տեղակայման ծրագրերը քննարկվում են ԱՄՆ-ի կողմից: Մենք հստակ բացատրել ենք, որ մտադիր չենք գնել այդ համակարգը եւ տեղակայել այն մեր տարածքում», — նշել է ԿՀ-ի պաշտպանության նախարարը:

Կորեայի հարավում THAAD համակարգեր տեղակայելու Պենտագոնի ծրագրերը տպավորություն են ստեղծել, որ Սեուլը  պատրաստ է միանալ ամերիկյան ՀՀՊ համակարգին, որի անդամ է դարձել արդեն Ճապոնիան, գրում է «Ռենհապ» գործակալությունը:

Սակայն, չնայած Վաշինգտոնի ճնշմանը, Սեուլը դաշնակցին մերժել է, քանի որ այդ համակարգում իր մասնակցությունը կբարդացնի Չինաստանի հետ հարաբերությունները: