Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, Հայաստանում եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի հայկական գրասենյակը եւ «Counterpart International» կազմակերպությունը հունիսի 19-ին կազմակերպել էին «Համընդհանուր իրավունքների մրցանակների հանձնում» մրցանակաբաշխությունը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, միջացառման ընթացքում Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը «Ազատության պաշտպաններ» մրցանակը հանձնել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանին եւ Արա Ղազարյանին: «Արտակն ու Արան օգնել են Հայաստանի շատ քաղաքացիների իրականացնել իրավական աջակցության եւ արդարացի դատավարության իրենց իրավունքը, այդ թվում նաեւ ՄԻԵԴ դատական հայցերի ներկայացմամբ: Նրանք նաեւ ներգրավվել են տարբեր ծրագրերում, որոնք իրականացվում են Եվրախորհրդի կողմից Հայաստանում»,- նշել է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ե լիազոր դեսպան Քեթրին Լիչը «Քաջ կին» մրցանակը հանձնել է Ռեսուրսների կանացի կենտրոնի ներկայացուցիչ Լարա Ահարոնյանին, միաժամանակ ընդգծելով՝ «քաջը» թույլ բառ է, ավելի ճիշտ կլինի ասել «անվախ»:
Հայաստանում «Counterpart International» կազմակերպության ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան «Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը հանձնել է «Վճարում ենք 100 դրամ» շարժման կազմակերպիչներին: «Այդ արշավը ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիական շարժումը: Առանց որեւէ կազմակերպչական եւ ֆինանսական ռեսուրսների մտահոգ քաղաքացիները միավորվեցին ընդհանուր նպատակի շուրջ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկեցին»,-ընդգծել է Կարլ Հովստրան:
«Մեդիա գերազանցություն» մրցանակը Հետաքննող լրագրողների «Հետք» կայքին է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրք Լորնցը; «Ազատ, անկախ եւ բազմակարծություն ապահովող լրագրողները նպաստում են թափանցիկությանը եւ ժողովրդավարական հասարակության հիմքն են: Իրենց գործունեությամբ «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց պրոֆեսիոնալիզմը եւ հավատարմությունը լրագրողական հիմնարար սկզբունքներին»,-հայտարարել է Լարենցը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոնը պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Պարոն Տոնոյանը մարդու հավասար իրավունքների ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության կողմնակից է: Մենք գնահատում ենք նրա ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության ոլորտում բարեփոխումներին եւ բարեկեցության եւ ժողովրդավարության համընդհանուր արժեքների հաստատմանը»,-ասել է Հանլոնը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն Քարահունջ համայնքի ղեկավար լուսինե Ավետյանին հանձնեց «տեղական ինքնակառավարման բարեփոխիչ» մրցանակը, ընդգծելով, որ Լուսինեի շնորհիվ Քարահունջ համայնքը ավելի բարեկարգ վայր է դարձել ապրելու համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան ջոն Հեֆերնը Երեւանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին հանձնեց «Համայնքային ծառայություն» մրցանակը: «Տիկին մովսիսյանը մեծ ջանքեր է գործադրել հաշմանդամը երեխաների համար վերականգնողական ծառայություններ ապահովելու համար: Նա առաջնորդ է, որը ծառայում է իր համայնքին եւ օրինակ է մնացածի համար, ցույց տալով, թե ինչպես կարելի է կամավոր օգնել այլոց»,-ամփոփել է ամերիկացի դիվանագետը:





























