Եվրոպական «EFSE» կառույցը 27 մլն դոլար կհատկացնի հայկական երկու բանկերին: Համապաստասխան վարկային համաձայնությունները կնքվել են Երեւանում:
«ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլը» կստանա 15 մլն դոլար, իսկ «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ 12 մլն դոլար: Երկու վարկերն էլ տրամադրվել են 5 տարի ժամկետով եւ նախատեսված են փոքր բիզնեսի վարկավորման համար, այդ թվում նաեւ ագրոբիզնեսի: Համաձայնությունները ստորագրել են Երեւանում «EFSE» ղեկավարությունը եւ երկու բանկերի ղեկավարները՝ «ԱԿԲԱ»-ի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:
Եվրոպական հիմնադրամը Հարավարեւելյան Եվրոպայի համար(EFSE) հիմնվել է Զարգազման գերմանական բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ: Մյուս ներդրողներն են՝ Եվրահանձնաժողովը, Զարգացման ավստրիական բանկը, Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալությունը, Միջազգային զարգացման դանիական գործակալությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, «Deutsche Bank»-ը եւ այլն:
Նախագծի նպատակն է միջին, փոքր եւ միկրոբիզնեսի զարգացումը Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում:




























