Եվրասիական միության անդամ-երկրները հիմքեր ունեին Հայաստանը նորաստեղծ այդ դաշինքի հիմնադիրների շարքում չներառելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինձ թվում է, արդարացի չեն նրանք, ովքեր քննադատում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներին այն պատճառով, որ նրանք թույլ չեն տվել Հայաստանին դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ եւ մեկ ամսով հետաձգել են նրա անդամագրումը: Բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայաստանն այդ միությանն անդամագրվելու որեւէ ցանկություն չէր դրսեւորում, պաշտոնական մակարդակում կասկածի տակ էր դնում այդ կարգի միության անդամը դառնալու նպատակահարմարությունն իր համար եւ ապագան կապել էր Եվրամիության հետ: Հանկարծ, վերջին պահին, մտքափոխվեց ու որոշեց, որ եվրոասոցացումը «եվրասիացումից» վատ է ու տարիների աշխատանքն ու եվրոպական դոնորների՝ դրա վրա ծախսած գումարները, գցեց ջուրը:

Այս պահվածքի շնորհիվ Արեւմուտքում յուրային դառնալ այդպես էլ չհասցրեցինք: Աստված գիտի նաեւ, թե ինչ են մտածում Հայաստանի իշխանությունների մասին Մոսկվայում, Մինսկում կամ Աստանայում, բայց մի բանը հաստատ է՝ այս միությունը նախաձեռնած երեք պետությունները հիմքեր ունեին Հայաստանը նորաստեղծ այդ դաշինքի հիմնադիրների շարքում չներառելու համար եւ դա պատճառաբանված է հենց Հայաստանի մինչ այդ դրսեւորած պահվածքով»: