Բարաք Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, ում դեմքը, կիսանդրին եւ դիմակը տպագրել են 3D-պրինտերի օգնությամբ: Նախօրեին կիսանդրին ցուցադրվել է Սպիտակ տանը: Նախագահի դեմքի թվային պատկերը ստացել են այս տարեսկզբին՝ Սմիթսոնյան ինստիտուտի 3D ձեւաչափի մասնագետները եւ ուսանողները:

Նախ պետության ղեկավարի դեմքը հատուկ սքաների օգնությամբ տպել են ականջից ականջ, իսկ 3D-ձեւաչափի ձեռքի տպիչի եւ տեսախցիկների օգնությամբ ստացել են նախագահի կիսանդրին: Газета.Ру-ի փոխանցմամբ, այն տպագրվել է 5.000 շերտից բաղկացած հալեցրած պլաստիկի վրա, իսկ ամբողջ գործընթացը 40 ժամ է տեւել:

Կենդանության օրոք պատրաստում են ԱՄՆ բոլոր նախագահների դիմակները: Դրա համար նրանք ստիպված են լինում նստել գիպսը դեմքին, իսկ շնչել կարողանում են քթին ամրացված խողովակի օգնությամբ: Սքանավորման գործողությունը կատարվել է Սպիտակ տանը եւ տեւել է շուրջ 5 րոպե: Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է նախագահը գնահատել վարպետների աշխատանքը: «Դուք կարող եք տեսնել նրա դեմքի բոլոր կնճիռներն ու ամենափոքր ծակոտիները»,- բացատրել է 3D պատկերների ստեղծման մասնագետ Վինչե Ռոսսին: