Հունիսի 19-ին կալիֆորնիական Սթոքթոն քաղաքի ոստիկանության Facebook-ի էջում հրապարակված հանցագործի լուսանկարն ավելի քան 35 հազար մարդ է «հավանել»:

Սոցցանցի կին օգտատերերը ձերբակալված Ջերեմի Միքսին գրավիչ են համարել եւ լուսանկարը ողողել են մեկնաբանություններով, թե «այսպիսի գեղեցկությունն անիմաստ կորչելու է»:

30-ամյա Միքսը ձերբակալվել է ոստիկանական շուրջկալի արդյունքում: Ամերիկյան իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար: Առայժմ հայտնի չէ, թե խափանման ինչպիսի միջոց կընտրվի եւ երբ տեղի կունենա դատավարությունը:

Միքսի հետ ձերբակալել են նաեւ երեք տղամարդու: Лента.Ру-ի փոխանցմամբ, նրանց լուսանկարները նույնպես հայտնվել են տեղի ոստիկանության Facebook-ի էջում, բայց նման հաջողության չեն արժանացել:

Էջի բաժանորդներն ավելի քան 11 հազար մեկնաբանություն են թողել լուսանկարի տակ: Տղամարդիկ հիմնականում զարմացել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պարկեշտության մակարդակից, ովքեր պատրաստ են հիանալ հմայիչ հանցագործով: Որոշ օգտատերեր համոզմունք են հայտնել, որ Միքսը կարող էր ուժերը փորձել մոդելային գործակալությունում: Չի հաղորդվում, արդյո՞ք տղամարդն ամուսնացած է: