Գերմանական փորձագետ-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն Հայաստանյան դպրոցներում եւ կձեւավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր:
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկերի խմբի Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար Լարս Օյրմանի եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերի, զարգացման եւ համագործակցության ծրագրերի ղեկավար Կատարինա Դերքորնի հետ:
Նշենք, որ օրեր առաջ KFW բանկի պատասխանատուները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` ձեռք բերելով ոլորտային նախնական պայմանավորվածություն:
Փոխնախարար Ռ. Ալավերդյանը ողջունելով հյուրերին նշել է. «Քաղաքաշինության նախարարությունը բարձր է գնահատում գերմանական կողմի հետ համագործակցությունը, մեծապես հետաքրքրված է առաջարկվող` դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով: Հույս ունենք առաջիկայում ընդլայնել համագործակցության ոլորտները»:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերը տեղեկացրել է, որ սեպտեմբերի կեսին Գերմանիայում կայանալու է միջկառավարական խորհրդի նիստ եւ այս հանդիպման նպատակն է հստակեցնել քննարկվող հարցերի շրջանակը:
Պարոն Լարս Օյրմանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում դպրոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Գերմանական փորձագետ-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն Հայաստանյան դպրոցներում եւ կձեւավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր: Մասնագետների այցի նպատակն է լինելու բանակցությունների միջոցով հիմք ստեղծել համաձայնագրի ստորագրման համար:
Տիկին Ալավերդյանն անդրադարձ կատարելով էներգախնայողության եւ շինարարական աշխատանքների համատեղ իրականացման խնդրին, Հայաստանում դպրոցների սեյսմիկ պահանջների եւ վթարայնության առանձնահատություններին` նշեց, որ ծրագրի իրագործման համար ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այնպիսի դպրոցների, որոնք համապատասխանում են սեյսմիկ պահանջներին:
Հանդիպման ավարտին ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան ժամանող փորձագետների հետ տեխնիկական հարցերի քննարկման վերաբերյալ:




























