Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չի խանգարի Վրաստանի հարեւանների այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

Վրացուհի նախարարը պարզաբանել է, որ հնարավոր են մի շարք փոփոխություններ հարեւան երկրների հետ առեւտրային հարաբերություններում, որոնք, սակայն, միայն տեխնիկական բնույթ են կրելու, հաղորդում է  «Վրաստանի նորություններ»-ը:

«Այս քայլն արված է հանուն Վրաստանի զարգացման: Եվ այն, որ Վրաստանը ելք կունեն 500 միլիոնանոց կայուն շուկա, բխում է  նաեւ այն երկրների շահերից, որոնք տնտեսական ակտիվություն ունեն Վրաստանում, այդ թվում եւ՝ Ռուսաստանի», - նշել է Փանջիկիձեն:

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել էր անցած տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած «Արեւելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովում: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը նախատեսվել էր 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն հետո տեղափոխվել էր հունիսի 27-ին: