Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է անում Ռուսաստանի հետ սահմանին 10-կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծել՝ Ուկրաինայի արեւելքումիրավիճակի հետ կապված 14 կետից բաղկացած խաղաղ պլանի շրջանակներում, որի ոչ պաշտոնական տարբերակը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ:
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսամետ անջատողականներին աջակցելու համար Ռուսաստանից զինված մարդիկ են ներխուժում Ուկրաինա, բերելով սպառազինություն եւ այլ ռազմական սարքավորումներ: Ուստի 1900 կմ երկարությամբ սահմանին վերահսկողության խստացումը Կիեւի գլխավոր գլխացավանքն է:
Բուֆերային գոտի ստեղծելու մանրամասները չեն ներկայացվում:
Դեռեւս պարզ չէ, թե արդյոք ապառազմականացված չեզոք գոտին ամբողջությամբ լինելու է ուկրաինական կողմում, թե՞ մի մասը կլինի սահմանի ռուսական կողմում:
Պարզ չէ նաեւ, ինչպիսին կլինի սահմանամերձ տարածքների բնակիչների կարգավիճակը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ կովալը Գերագույն Ռադայի նիստում այսօր հայտնել է, որ կառավարական զորքերը կրկին վերահսկում են սահմանը, եւ հիմա անջատողականները հնարավորություն չունեն ռազմական սարքավորումներ ստանալ Ռուսաստանից:





























