Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ ակնհայտ էր հայ պատվիրակների պատրաստվածությունը, եւ շատ կարեւոր է, որ նիստին ներկա այլ երկրների պատվիրակները լսեցին ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին եւ ընկալեցին մեր պատվիրակների ներկայացրածը: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն նահապետյանի եւ «Ժառանգությոան» պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ միասին ներկա է եղել այդ սեմինարին:
Կիրակոսյանի խոսքով՝ ԼՂ խնդիրը առաջինն էր օրակարգում, եւ բարեբախտաբար, ադրբեջանական կողմը ակնհայտ ագրեսիա էր դրսեւորում, միաժամանակ հայ պատվիրակները զուսպ էին եւ իրենց ելույթներով կարողացան ներկայացնել խնդիրն անհրաժեշտ հունի մեջ:
Իր հերթին, Թեւան Պողոսյանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները առաջին օրը տալիս էին քիչ թե շատ հավաստի տեղեկատվություն, որպեսզի բթացնեն զգոնությունը: «Սակայն արդեն երկրորդ օրը սկսվեց ապատեղեկատվության տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներում, որոնք ակնհայտորեն գտնվում են իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ: Ազատ ադրբեջանական լրատվամիջոցների մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա:
Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն էլ հավելել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայ պատվիրակներին վերագրել են մտքեր, որոնք իրենք չեն ասել. «Նրանք սեւ PR էին կիրառում»: Նահապետյանը նաեւ հավելել է, որ սեմինարի ընթացքում շատ պատվիրակներ հաճախ ստիպված էին հանել ականջակալները, քանի որ ի վիճակի չէին լսել ադրբեջանցի պատվիրակների ագրեսիվ ու անհիմն խոսքը:
ՆԱՏՕ-ի ԽՎ հաջորդ սեմինարը տեղի է ունենալու Երեւանում, 2015-ին, ամենայն հավանականությամբ, մայիսին:





























