Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը 58 խորհրդարանականի ստորագրությամբ բանաձեւի նախագիծ է մշակել՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը բաց չի թողնում գրեթե բոլոր միջազգային կառույցներում նման հիմար նախաձեռնություններով հանդես գալու առիթը:

Զոհրաբյանի խոսքով՝ ներկայացված բանաձեւի նախագիծը հիմար հիմնավորումներ է ներկայացնում, որոնց համաձայն, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. «Նախագիծը ստորագրած ԵԽԽՎ 58 պատգամավորներ Ադրբեջանի օգտին քարոզչությամբ են զբաղված, բնականաբար՝ պաշտոնական Բաքվի նավթային եւ խավիարային փողերի դիմաց: Ես վստահ եմ, որ ԵԽԽՎ-ն չի կորցրել զգոնությունը, եւ հույս ունեմ, որ ադրբեջանական նախաձեռնությանն ընթացք չի տրվի»:

Զոհրաբյանը նշեց, որ կանոնակարգի համաձայն, մինչեւ նստաշրջանի սկիզբը հաստատվում են ազգային պատվիրակությունների իրավասությունները. «Կարծում եմ, որ ավելի քան 10 պատգամավորներ կհայտարարեն, որ վիճարկում են հայ խորհրդարանականների իրավասությունները: Այդ նշանակում է, որ հարցը մեխանիկորեն կանցնի ԵԽԽՎ Կանոնակարգի հարցերով հանձնաժողով: Բնականաբար, մենք կշարունակենք ԵԽԽՎ-ում մեր բնականոն աշխատանքը, սակայն նստաշրջանի ընթացքում Հանձնաժողովը կանդրադառնա այդ հարցին: Գրեթե հարյուր տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական հիմար նախագիծն արդյունքում կարժանանա ԵԽԽՎ ղեկավարության բացասական վերաբերմունքին:

Պատգամավորի խոսքով, հիանալի հասկանում է, թե ինչի հետ է կապված ադրբեջանական պատվիրակության նման պահվածքը. «Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում, եւ ադրբեջանական պատվիրակությունը նման քայլերով ցանկանում է Եվրոպայի ուշադրությունը շեղել վերջին սկանդալային իրադարձություններից, երբ ԵԽԽՎ փոխնախագահ Ռընե Ռուքեին արգելեցին Բաքու ժամանել՝ նրան անվանելով հայկական լոբբիստ, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցը լուսաբանելու համար ժամանած ֆրանսիացի լրագրողներին թույլ չտվեցին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները եւ ստիպողաբար նրանց նստեցրին Ֆրանսիա ուղեւորվող ինքնաթիռ»:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը եւ երկրում տիրող իրավիճակին Ստրասբուրգի քաղաքապետարանը պատասխան միջոց է նախապատրաստել: Զոհրաբյանի խոսքով, նստաշրջանի ժամանակ նախագահող երկրները հատուկ վերաբերմունքի են արժանանում: Ստրասբուրգում ավտոբուս կա, որտեղ տեղադրվում է նախագահող երկրի տարբերանշանը, ինչն արվել է նաեւ Հայաստանի դեպքում: Սակայն, ի նշան բողոքի՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հետ, քաղաքապետարանը որոշել է հրաժարվել այդ ավանդույթից, այդ պատճառով երկիրը ներկայացնող ոչ մի նշան Ստրասբուրգում չի լինելու: