Դոնեցկի շրջանի Կիրովկայի հանքահորում ածխի չթույլատրված արդյունահանման ժամանակ վեց մարդ անհայտ կորել է, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ 90 մետր խորության վրա ածխահանքում հանկարծակի բարձրացել է ստորերկրյա ջրերի մակարդակը, ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փրկարարական որոնողական աշխատանքներին ներգրավված են էներգետիկայի եւ վառելիքի նախարարության պետական լեռնափրկարարական երկու ստորաբաժանումներ: Դեպքի վայրում աշխատում է Դոնեցկի մարզում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը: