Գերմանական ուղեւորատար օդանավը, որը Մյունխենից Թբիլիսի էր թռչում, շաբաթ օրը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Օդանավում 60-ից ավելի ուղեւոր է եղել, որոնցից 50-ը՝ Վրաստանի քաղաքացի։ Ըստ ականատեսների՝ ոչ ոք չի տուժել։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Թբիլիսիի օդանավակայանից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Lufthansa ավիաընկերության Airbus А319 օդանավը պետք է Թբիլիսի հասներ 03:00-ին։
«Օդանավը գտնվում է Ստամբուլում, մենք այնտեղ վայրէջք կատարելու մասին հստակ տվյալներ չունենք»,- հայտարարել են օդանավակայանի աշխատակիցները՝ հավելելով, որ օրվա ընթացքում ուղեւորները այլ չվերթներով Ստամբուլից Թբիլիսի կուղարկվեն»։





























