ՌԴ քննչական կոմիտեն միջազգային հետախուզություն է հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի եւ Դնեպրոպետրովսկի նահանգապետ, ձեռնարկատեր Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Պատերազմի վարման անթույլատրելի միջոցների ու մեթոդների կիրառման, ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, մարդանց առեւանգման քրեական գործերի շրջանակներում Քննչական կոմիտեի քննիչների կողմից Արսեն Ավակովի եւ Իգոր Կոլոմոյսկիի հետախուզման որոշում է կայացվել»: Որոշումն ուղարկվել է Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ավակովի եւ Կոլոմոյսկիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, որն իրականացվում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) բոլոր անդամ-պետությունների տարածքում», - հաղորդել է Մարկինը:

Նա հիշեցրեց, որ «Կոլոմոյսկին ու Ավակովը մեղադրվում են մի շարք հանցագործությունների կազմակերպման մեջ. սպանություններ ծանրացուցիչ հանգամանքներում, պատերազմի վարման անթույլատրելի միջոցների ու մեթոդների կիրառում, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, մարդանց առեւանգում»: