Մավրիտանիայում սկսվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ընտրական տեղամասերը իրենց դռներն են բացել ընտրելու իրավունք ունեցող երկրի ավելի քան 1,3 մլն քաղաքացիների առաջ: Ընդհանուր առմամբ, հանրապետության բնակչությունը կազմում է  3,8 մլն մարդ:

Դիտորդները կանխատեսում են պետության գործող նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզուի հաղթանակը: Վերջինիս հակառակորդներն են «Ստրկության դեմ շարժման վերածննդի նախաձեռնություն» կուսակցության ղեկավար Բիրամ Դահ Աբեյդը, «Ալ-Վիամ» կուսակցության առաջնորդ Բուադել ուլդ Հումեյդը, լրագրող եւ քաղաքական գործիչ Իբրահիմ Մակտարը Սարը եւ անկախ թեկնածու Լալա Մարիեմ Մինտ Մուլայան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Եթե առաջին փուլում թեկնածուներից եւ ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, ապա հուլիսի 5-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Դրան կմասնակցեն ընտրողների ամենամեծ աջակցությունը ստացած երկու թեկնածուները: Երկրի նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով, եւ կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնին միայն մեկ անգամ:

57-ամյա գեներալ Աբդել Ազիզը իշխանության գլուխ է եկել 2008թ պետական հեղաշրջման արդյունքում: Հաջորդ տարի նա ընտրություններում նախագահ է ընտրվել, ինչը ընդդիմությունը չի ճանաչել: Նախագահին հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ (2013թ. 6.4%), ինչպես նաեւ լեռնահանքային արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտում մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտ 2/3-ը: