Իրանի եւ միջնորդ վեց երկների ներկայացուցիչների նախորդ հանդիպումն ավելի շատ հույս էր ներշնչում, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ խոսվում էր անգամ համաձայնության նախնական տարբերակի ստորագրման մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ շարունակում են հակասություններ մնալ ոչ սկզբունքային, բայց տեխնիկական հարցերում՝ կապված փաստաթղթի վերջնական տեսքի հետ: « Նա նշել է, որ հակադարձ կողմն ավելի շատ պահանջներ է ներկայացրել, եւ կոչ է արել արեւմտյան երկրներին հրաժարվել այդ միտումներից: Այն, որ կողմերը համաձայնել են շարունակել հանդիպումներն, արդեն առաջընթաց է՝ հաշվի առնելով տարածաշրջանում այս պահին տեղի ունեցող իրադարձությունները»,- ընդգծել է Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով՝ բանակցային առաջընթացն Իրանի միջուկային ծրագրում կապված է նշված գործընթացների հետ: «Նախորդ անգամ բանակցությունները համընկան Սիրիայում նախագահական ընտրությունների հետ, այժմ Իրաքում տիրող իրավիճակի հետ»,- նշել է իրանագետը:
Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցնյակը»(ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ ու Գերմանիա) հունիսի 20-ին համաձայնեցրել են Թեհրանի միջուկայի ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնություն տեքստային շրջանակները: Բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին:





























