Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել է, որ էկվադորցին, ով իշխանություններին ցույց կտա ամենաանհեթեթ բյուրոկրատական մեխանիզմը պետական համակարգում, հատուկ մրցանակ կստանա, հաղորդում է էկվադորական «El Diario» պարբերականը:

Կորրեայի խոսքով՝ երկրի իշխանությունները նոր ծրագիր են սկսում, որը կոչված է պետական կազմակերպություններից արմատախիլ անել անհեթեթ եւ ոչ տրամաբանական բյուրոկրատական մեխանիզմները:«Մենք պայքար ենք սկսում ավելի արդյունավետ պետության համար, որպեսզի մեզ չտանջնեն անօգուտ հոգսերով, որոնք հաճախ անհեթեթ են»,- նշել է Կորրեան՝ հավելելով, որ ինքն էլ հաճախ տառապել է բյուրոկրատիայից:

Նրա խոսքով՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հատուկ ստեղծված կայքի միջոցով հաղորդել «անհեթեթ բյուրոկրատական մեխանիզմների» մասին: Բացի այդ, ամենաանհեթեթ բյուրոկրատական պահանջի մրցույթ կկազմակերպվի, իսկ նա, ով ցույց կտա, իշխանություններից մրցանակի կարժանանա, ճշտում է «ՌԻԱ Նովոստին»:

Կորրեան նաեւ հավելել է, որ յուրաքանչյուր շաբաթ օր երկրի իշխանությունները կհաղորդեն նվազագույնը մեկ բյուրոկրատական պահանջի կրճատման մասին: Բացի այդ, կառավարությունն աստիճանաբար անհրաժեշտ բոլոր բյուրոկրատական գործընթացները կտեղադրի համացանցում, որպեսզի քաղաքացիները կարողանան դրանք տանը համակարգչով իրականացնել: