Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Նիկարագուայի իր գործընկերոջ՝ գեներալ-մայոր Օսկար Օբրեգոնի հետ քննարկել է երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Գերասիմովի խոսքով՝ ռուսական կողմը մեծ ուշադրությամբ է հետեւում Լատինական Ամերիկայի երկրներում իրավիճակի զարգացումներին եւ շահագրգռված է վերջիններիս կայուն զարգացմամբ: Սակայն տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գնահատմամբ, բավականին բարդ է, պահպանվում է լարվածության առկա օջախների շիկացման, ինչպես նաեւ նոր սպառնալիքների առաջացման հավանականությունը:

Ապրիլին Նիկարագուայի արտաքին գործերի փոխնախարար Մարիա Ռուբիալեսը «ՌԻԱ Նովոստի»-ն տրված հարցազրույցում պատմել էր, որ երկիրը կարող է դիմել ՌԴ-ի օգնությանը՝ իր ռազմածովային ուժերի արդիականացման նպատակով: Բացի այդ, նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությամբ սկսում է  բանակի արդիականացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: